Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Անուշավան Վահանի Ղազազյան

Անուշավան Վահանի Ղազազյան

2009 թ. նոյեմբերին 87 տարեկան հասակում վախճանվեց անվանի հայ բժիշկ, մանկավարժ, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանը: Նա մեծ ներդրում ուներ համաճարակաբանության, ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների ուսումնասիրության բնագավառում:

 

Անուշավան Ղազազյանի կյանքի պատմությունը հաշմանդամ գիտնականի հերոսական և բովանդակալի կյանքի նկարագրություն է, լի հաղթահարված բարձունքներով և համահունչ իր ապրած դարի ընթացքի միտումներին:

 

Գերազանց ավարտելով ծննդավայրի` Վրաստանի Շուլավեր ավանի միջնակարգ դպրոցը, նա, տակավին պատանի, սկսում է դասավանդել իրենից տարեցներին: Սակայն, սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, և 17-ամյա Անուշավանին զորակոչում են բանակ: Մինչև 1944 թ. հուլիսը նա մասնակցում է պատերազմին, զբաղվում ականապատված դաշտերի վնասազերծմամբ: Այդ տարիներին ռազմաճակատում ցուցաբերած քաջագործությունների համար երկու անգամ արժանացել է «Արիության համար» մեդալի: 1944 թվականի հուլիսին նա վիրավորվում է, զրկվելով մի ոտքից: Ապա զորացրվում է որպես պատերազմի հաշմանդամ-վետերան:

 

Պատերազմը, վիրավորներին փրկելու բժիշկների անձնուրաց պայքարն Անուշավանի մոտ հետաքրքրություն են առաջացնում բժշկի մասնագիտության հանդեպ, և 1946-ին նա ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտում է գերազանցության դիպլոմով, ապա շարունակում  կատարելագործվել իր մասնագիտության գծով, 1957-ին պաշտպանում թեկնածուական թեզը`«Դիֆթերիայի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունները և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը», 1970 թ. պաշտպանում «Տարբեր ուղեկցող հիվանդությունների ազդեցությունը Բոտկինի վիրուսային հեպատիտի ընթացքի և ելքերի վրա» թեմայով դոկտորական թեզը և 1972-ին ստանում է պրոֆեսորի կոչում:

 

1973 թվականից պրոֆեսոր Ա.Ղազազյանը ղեկավարում էր Երևանի բժշկական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը: Նա ստեղծում է Հայաստանի ինֆեկցիոնիստների գիտական ընկերությունը` դառնալով այդ ընկերության առաջին նախագահը:

 

Պրոֆեսոր Ա.Ղազազյանը նախկին ԽՍՀՄ-ի առավել ճանաչված ինֆեկցիոնիստներից էր: Նրա առանձին աշխատանքներ բարձր են գնահատվել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում:

 

Ա.Ղազազյանի գործունեությունը բազմազան էր. նա և տաղանդավոր կլինիցիստ էր, և ճանաչված գիտնական, և հմուտ մանկավարժ, և հասարակական գործիչ: Նա հաճախ էր մասնակցում  խորհրդատվություններին, առանձնահատուկ կարևորությամբ ուսումնասիրում բոլոր հիվանդությունները և իր գիտելիքներն ու փորձը ներդնում խառը և կոմունիկացված հիվանդությունների բուժման գործում:

 

Պրոֆեսոր Ա.Ղազազյանի գործունեությունն արժանացել է մարտական, կառավարական և աշխատանքային պարգևների:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ